ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Գերմանիայի խոշորագույն McFit ֆիթնես ակումբների ցանցի հիմնադիր, միլիոնատեր Ռայներ Շալերը զոհվել է ավիավթարից Կոստա-Ռիկայի ափերին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bild am Sonntag-ին։
53-ամյա Շալերն իր ընկերուհու` Քրիստիանա Շիկորսկու և իրենց երեխաների՝ Արոնի և Ֆինայի հետ միասին մասնավոր օդանավում է եղել, նրանց հետ է եղել նաև Մարկուս Կուրեկ անունով մի տղամարդ։
Երեկ Կոստա Ռիկայի հասարակական անվտանգության նախարար Խորխե Տորեսը հայտնել էր, որ Մեքսիկայից Լիմոն քաղաքի օդանավակայան մեկնած մասնավոր ինքնաթիռը, որում հինգ գերմանացիներ են եղել, կորել է Կոստա Ռիկայի ափերի մոտ: Հստակեցվում էր, որ կապի կորստի մասին հաղորդագրություն է ստացվել ժամը 18:00-ի սահմաններում։
Շալլերը McFit ֆիթնես ցանցը հիմնադրել էր 1996 թվականին, այսօրվա դրությամբ այն ներառում է գրեթե 250 մասնաճյուղ Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Լեհաստանում և Իսպանիայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մասնավոր ինքնաթիռը դիսպետչերական աշտարակի հետ կապը կորցրել է Կոստա Ռիկայի Կարիբյան ավազանի Պարիսմինա շրջանի վրայով թռիչքի ժամանակ:
Կապի կորստից հետո ակտիվացվել է վթարային արձանագրությունը` առափնյա պահպանության և օդային հսկողության ծառայության մասնակցությամբ։ Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով օդանավի որոնումները դադարեցվել էին և վերսկսվել են այսօր։