Զարտուղի կերպով վարորդական իրավունք ստանալը համակարգային կոռուպցիայի դրսևորում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ճանապարհային ոստիկանության նախկին տեսուչ Սմբատ Արսենյանը։
Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Գլխավոր դատախազությունն էլ դիմելու է ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ։
«Տվյալ ապօրինության պատճառները տարբեր են` արհեստական հերթեր, բավարար գիտելիքների պակաս, ՃՈ պատասխանատու աշխատակիցների գաղթակղություն, վերադասի կողմից պատշաճ վերահսկողության բացակայություն։ Երբ տեսուչն է վարորդից կաշառք պահանջում, ապա նա սովորաբար ունենում է հովանավորչություն, ցուցումներ է ստանում վերադասից, տեսուչն առյուծի կաթ չի խմել, որ ինքնուրույն գործի, թեև չեն բացառվում նաև նման դեպքեր, սակայն դրանք խիստ հազվադեպ են»,– ասաց ՃՈ նախկին տեսուչը։
Արսենյանի կարծիքով` երբ ներկայացնում են կոռուպցիոն հանցագործությունների դեպքեր` շարքային աշխատակիցների վրա դնելով ծանր հոդվածներ, գուցե տպավորություն ստեղծվի, թե գործ ունենք կոնկրետ անհատների հետ, բայց իրականում նրանք քավության նոխազ են, արատավոր համակարգի մի մասը, և նրանց պատասխանատվության ենթարկելուց հետո համակարգը մնում է անփոփոխ։
«Ոչ թե չեն կարողանում համակարգային կոռուպցիայի վերջը տալ, այլ պարզապես չեն ցանկանում դա անել։ Այսօր ունենք կոռուպցիոն հանցագործությունները քննող մի քանի մարմին, սակայն նրանց աշխատանքն արդյունք չի տալիս, որովհետև առկա է համակարգային կոռուպցիա։ Խնդիրը և՛ քաղաքացիների, և՛ ճանապարհային տեսուչների, և՛ պետության դաշտում է»,– ասաց Արսենյանը։
Մեր զրուցակիցը չի կիսում երկրի ղեկավարի այն տեսակետը, թե ճանապարհային տեսուչը կամ պարեկը կարող է բարձրագույն կրթություն չունենալ։ Նրա պնդմամբ` աշխատանքին անլուրջ վերաբերմունք է ցուցաբերվում նաև վարորդական իրավունքի գրանցման ու ստացման քննական բաժանմունքներում, որտեղ կան ցածորակ աշխատակիցներ, ովքեր այդտեղ աշխատանքի են անցնում միջնորդությամբ։
«Եթե մարդը ոչ բավարար գիտելիքներով և հովանավորչությամբ գնում է ինչ–որ տեղ աշխատելու, արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ նա վաճառում է վարորդական վկայականը ճիշտ այնպես, ինչպես իրեն են վաճառում իր աշխատատեղը, հետևաբար նա ձգտելու է այնպես անել, որ մի քանի անգամ ավել այդ գումարը հետ բերի։ Քաղաքացիներն էլ ունեն իրենց մեղքի բաժինը, որովհետև իրենց պահվածքով և որոշ վերադաս ոստիկանների թողտվության պատճառով տեսուչներին դրդում են նման քայլի` փորձելով խուսափել հերթերից, քննություն հանձնելուց»,– նշեց Արսենյանը։
Նրա համոզմամբ` երթևեկության և անվտանգության ապահովման կանոններին պետք է ծանոթանալ հանրակրթական դպրոցից, հիմքը պետք է դրվի հենց սկզբից։ Բավարար գիտելիքների դեպքում քաղաքացիներն ավելի հեշտ կհանձնեն վկայական ստանալու քննությունը և չեն դիմի անօրինական միջոցների։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին ընդհանուր առմամաբ մոտ 3 մլն դրամ կաշառք են տվել` ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ։