Տարածաշրջանում կայունության հանգրվան. Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը

Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը
ԱԳ նախարարը նորանշանակ հյուպատոսին հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչպես նաև կառավարությունը պատրաստ են ամեն հարցով աջակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ այսօր բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցելու նպատակով Սյունիքի մարզում են երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։
Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը
«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը, կդառնա երկու հարևան և բարեկամ ժողովուրդների յուրօրինակ ցուցիչ, տարածաշրջանում կայունության ու խաղաղության յուրօրինակ հանգրվան»,– բացման արարողության իր ելույթում ասաց Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարը նորանշանակ հյուպատոսին հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, ինչպես նաև կառավարության աջակցությունը։
Արարատ Միրզոյանը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ–ի տարեվերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչին ՀՀ կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։
2022թ-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվեց Աբեդին Վարամինը, որը սեպտեմբերի վերջին անցավ իր պարտականությունների կատարմանը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին։Նույն թվականի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը` երկրորդը ՌԴ–ից հետո։ Իսկ դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի դեսպանությունը: