Սփյուռքը հիասթափված է Հայաստանի ղեկավարությունից. Արա Աբրահամյանն ասում է` ինչ անել

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը
Ռուսաստանի հայերի միության նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները խաղը կրակի հետ երկիրը կարող է տանել աղետի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կորցրել է սփյուռքի ռեսուրսը հօգուտ պետության շահերի օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով` սփյուռքին որպես «կթու կով» վերաբերվելու վատ ավանդույթ է ձևավորվել, որի արդյունքում աշխարհի գրեթե 110 երկրներում հայկական համայնքներ ունենալով հանդերձ` Հայաստանի հետ դրանց կապն այսօր գործնականում խափանված է։ Մինչդեռ, ըստ Աբրահամյանի, սփյուռքից եկած բարերարներին շատ բան հարկավոր չէ, ընդամենը` հարգանք ու երախտագիտություն։
«Արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներից շատերը ՀՀ անձնագրեր ունեն, կարելի էր կոչ անել, որ յուրաքանչյուր անձնագրի համար պայմանականորեն 10 դոլար նվիրաբերեն, բայց այսօր քչերն են նույնիսկ այս 10 դոլարը տալու»,- ասում է նա։
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել իրավիճակը փոխելու, մասնավորապես Սփյուռքի համագումար ստեղծելու նախաձեռնությամբ, որի կազմում կլինի բարեգործական հիմնադրամ` բացառապես Հայաստանից դուրս նվիրատվություններ ընդունելու գործառույթով։
Աբրահամյանն առաջարկում է նաև Սփյուռքի օր սահմանել, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն կստեղծի երախտիք մատուցել արտասահմանում ապրող հայերին, ովքեր հոգ են տանում Հայաստանի մասին։ Նույն նպատակին կարող էր ծառայել նաև այգի ստեղծելը, որտեղ հայ բարերարների անունները կհավերժացվեն «ոսկե տառերով»։
Նրա կարծիքով` այս ամենը կարող է չեզոքացնել Հայաստանի ղեկավարությունից սփյուռքի հիասթափությունը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը նաև նշեց, որ Հայաստանում հնչող հակառուսական կոչերը բացասաբար են անդրադառնում մեր երկրի նկատմամբ ՌԴ իշխանությունների վերաբերմունքի վրա։
Նրա համոզմամբ` ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Մեծ Բրիտանիայի շահերն այսօր համընկել են Հայաստանը Ռուսաստանի դեմ տրամադրելու հարցում։ Սակայն նա կարծում է, որ այս իրավիճակը երկար չի տևի, և Հայաստանը պետք է հիշի իր ռազմավարական գործընկերոջ մասին։