Ռուսերենով ստեղծագործական առցանց ճամբար` հայաստանցի աշակերտների և ուսանողների համար

Առցանց ճամբարի ավարտական փուլում մասնակիցների ստեղծագործական նախագծերի փառատոն կանցկացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Վարպետ» միջազգային առցանց ճամբարը, որը հայաստանցի աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա կատարելագործելու ռուսերենի իմացությունն ու զարգացնել ստեղծագործական ունակությունները։
Ճամբարն անցկացնում է «Որակի միջազգային ինստիտուտ» ՍՊԸ–ն Ռուսաստանի կրթության նախարարության աջակցությամբ։ Հրավիրվում են 14-21 տարեկան հայաստանցի դպրոցականներ և ուսանողներ։ Նրանց սպասում է մեծ, հետաքրքիր և արդիական ծրագիր, որն իր մեջ կներառի մի քանի ստեղծագործական մոդուլներ. «Վիզուալ թանգարան», «Գրական ակումբ», «Ես վիդեոբլոգեր եմ», ինչպես նաև «Կերպարի ամենակրեատիվ դիմանկարը» նկարների մրցույթ և այլ նախաձեռնություններ։
Առցանց ճամբարի ավարտական փուլում մասնակիցների ստեղծագործական նախագծերի փառատոն կանցկացվի։ Ներկայացված աշխատանքները հետագայում կզետեղվեն էլեկտրոնային ժողովածուում և կդառնան օրինակ, թե ինչ բարձր արդյունքների կարելի է հասնել համատեղ արտահայտման և կոլեկտիվ գործունեության միջոցով ռուսաց լեզվի ուսուցմամբ։
Առցանց ճամբարի ավարտին մասնակիցները վկայագրեր կստանան։
«Նախաձեռնությունների բազմազանությունը, որոնց նպաստում են ժամանակակից տեխնոլոգիաները, թույլ կտան առցանց ճամբարի մասնակիցներին զարգացնել ռուսերենի հմտություններն ու բացահայտել սեփական ստեղծագործական ներուժը հենց այն ձևաչափով, որն իրենց ամենամոտն է։ Այս միջոցառումը պարզապես ևս մեկ ուսուցողական միջոցառում չէ, այլ առաջին հեթին այն փորձ է, որը միաժամանակ նաև օգտակար ու հետաքրքիր է», – ասել է նախագծի ղեկավար, «ՄԻԿ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Եկատերինա Կրոերը։
Առցանց ճամբարին գրանցվել, ինչպես նաև հիմնական միջոցառումների վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալ կարելի է` անցնելով հետևյալ հղումով` www.mik-master.ru։