ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով, և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա։ Սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը», - գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք` դատարանի որոշմամբ հոկտեմբեր 19–ին կալանավորվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում այսօր կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար: