Երևանում ժամկետանց և բորբոսնած սնունդ է վաճառվում. քաղաքապետարանը խոստանում է պատժել

Քաղաքային իշխանությունը հիշեցնում է`«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի պահպանման ժամկետը լրանալուն պես այն համարվում է վտանգավոր, անպիտան ու ենթակա է հետկանչի և ոչնչացման։
Sputnik
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի 3 վաճառակետերում, այդ թվում` սուպերմարկետներում ժամկետանց ու անգամ բորբոսնած սննդամթերք է հայտնաբերել։ Այդ մասին են վկայում քաղաքապետարանի հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները։
«Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց շրջանակում իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,– վստահեցնում են քաղաքապետարանից։
Քաղաքային իշխանությունը նաև հիշեցնում է, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի պահպանման ժամկետը լրանալուն պես այն համարվում է վտանգավոր և անպիտան և ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար։
«Սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ»,– հայտնում են քաղաքապետարանից։
Նշենք, որ քաղաքապետարանի հրապարակած նյութերի համաձայն, ժամկետանց ապրանքների մեջ գերակշռում են երշիկեղենը, սառեցված խմորային արտադրանքները, մայոնեզները և այլն։