ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները հոկտեմբերի 20-21-ը բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանությունը վերջին մեկ օրում հայտնաբերել է մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության 8-ական, անձնական ունեցվածքի գողության 7, թմրանյութի հայտնաբերման 4, անձի առևանգման, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 2-ական դեպք»,- ասված է հաղորդագրությունում։
Իրավապահները նաև բացահայտել են պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, ապօրինի ծառահատման, որսագողության, ինքնիրավչության, ինքնավնասման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ինքնասպանության հասցնելու և անօրինական միգրացիայի կազմակերպման 1-ական դեպք։
Նշվում է, որ հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, որի պատճառով 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: