ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցած տեսանյութերը (ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ,- խմբ․) 2020 թվականի են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նշենք, որ շաբաթներ առաջ Գրիգորյանը Կլաարին խնդրել էր իրեն տրամադրել այն տեսանյութերը, որոնք,Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։
«Ստացել եմ այդ տեսանյութերը Կլաարից, և դրանց իրավական գնահատականը, այդ թվում նաև փորձաքննության արդյունքները պետք է տան իրավապահ մարմինները։ Փոխանցել եմ տեսանյութերը գլխավոր դատախազությանը, սպասելու եմ արձագանքի, որովհետև գիտենք, որ դեռևս 2021 թվականից քրեական գործեր կային հարուցված նման առերևույթ դեպքերի վերաբերյալ և պետք է կարողանանք իրավապահներից ստացված տեղեկությամբ հաստատել»,- ընդգծեց Գրիգորյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե քանի անհետ կորած կա ներկայում, Գրիգորյանը շեշտեց, որ ամսի 16-ին իրենք ստացել են ավելի քան 40 դիմում, որտեղ նշվում էր, որ իրենց հարազատն անհետ կորած է։
Նրա խոսքով՝ այս ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել և անհետ կորածների թիվը կարող է նույնականացման գործընթացում փոփոխվել։
«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին, և ադրբեջանական կողմն այս պահի դրությամբ դեռևս համաձայնություն չի տալիս, խոչընդոտում է, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 29 հայ։