ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրվող ՃԵԿ խախտումների վերահսկողությունն այսօրվանից ամբողջությամբ իրականացնում է ոստիկանությունում այդ նպատակով ստեղծված ՊՈԱԿ–ը։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը` հավելելով, որ նախկինում այդ գործառույթն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն այսուհետ աշխատելու են պետական կազմակերպությունում։
««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցների 99 տոկոսը` թվով 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ–ում աշխատանքը շարունակելու համար»,– ասաց Ղազարյանը։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով արձանագրելու համար ճանապարհային ոստիկանությունը 2011թ.-ին ծառայության ձեռքբերման պայմանագիր էր կնքել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ։ 2017թ.-ին պայմանագիրը լուծվել էր, ընկերությանը 2.5 մլրդ դրամ էր վճարվել` որպես պատճառված վնասի փոխհատուցում։
Ամիսներ անց «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ նոր` գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել էր ընկերության կառավարմանը։
Պայմանագրի ժամկետը լրացել էր 2022թ-ի փետրվարի 15-ին, որից հետո չէր երկարացվել։ Փոխարենը հուլիսի 14-ին ստեղծվել էր «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Ս.թ. հուլիսի 26-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ էին իրականացվել։ Շենքից դուրս էին բերվել համակարգիչներ։