ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 19։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գազատար խողովակաշարի վրա (մոտ 200 մմ տրամաչափի բարձր ճնշման), ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
Գազի արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը: