Էլեկտրամոբիլների առանց տուրքի ներմուծման ժամկետը կերկարացվի. Նազարենկո

Արխիվային լուսանկար
Ներկայումս` արտոնյալ ժամկետի ավարտից առաջ, էլեկտրամոբիլների աժիոտաժային ներկրում է նկատվում Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրներ էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման ժամկետը, ամենայն հավանականությամբ, կերկարացվի: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։

«Թեև հարցն ավելի շատ վերաբերում է առևտրային ոլորտին, քան տեխնիկական կարգավորմանը, կարծում եմ` երկրները մինչև այդ ժամկետի ավարտը անպայման կբարձրացնեն այն, քանի որ թեման արդիական է մնում»,-Sputnik Արմենիայի մուլտիմեդիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է նախարարը:

Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրներ էլեկտրամոբիլների ներմուծման համար արտոնյալ ժամանակահատվածի ավարտի ժամկետները սահմանելիս ենթադրվում էր, որ մինչ այդ կկազմակերպվի էլեկտրական քարշակով ավտոմեքենաների տեղական արտադրությունը։
«Հավանաբար, եթե իրավիճակը բավականին բարդ չլիներ, ապա այդ ժամկետի ավարտին էլ վերջակետ կդրվեր։ Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հանձնաժողովը երկրների առաջարկությամբ այդ թեման առանձին կքննարկի, և ինչ-որ որոշում կնախապատրաստվի»,-ասաց Նազարենկոն։
Հայաստանում «Tesla» էլեկտրամոբիլների նոր սրահ է բացվել
Նա հայտարարեց, որ թեման ԵՏՀ օրակարգում է և անպայման կքննարկվի մինչև ժամկետի ավարտը։ Միևնույն ժամանակ, նախարարը վստահություն հայտնեց, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները կաջակցեն էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման ժամկետների երկարաձգմանը։