ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ԵՄ-ն Հայաստանին 23 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում սոցիալ-տնտեսական վերականգնման նպատակով։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ներկայացնելով դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը։
Նրա խոսքով` ԵՄ աջակցության շրջանակներում նախատեսվում է Սյունիքի մարզում զարգացնել ձեռնարկատիրությունը ու ներդրումներ անել։
«Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ–ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը։ Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո և փոքր ձեռնարկություններ ու ԱՁ–ներ աջակցություն կստանան, առնվազն 200 միկրոձեռնարկություններ կստանան դրամաշնորհներ` բիզնեսի արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով»,– ասաց Գրիգորյանը։
Համաձայնագիրը նախատեսում է նաև արոտավայրերի հասանելիությունն ապահովող ու ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված նախաձեռնությունների ֆինանսավորում։
Բացի այդ համաձայնագրով նախատեսվում է Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոց և ձեռնարկատիրական կենտրոն հիմնադրել, որի համաֆինանսավորողը «Թումո» կենտրոնն է։
Ծրագրով նախատեսված սոցիալական բաղադրիչի ներքով սոցիալ–հոգեբանական աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանվածներին։
ԵՄ մեկ այլ դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է ևս 10 մլն եվրոյի աջակցություն` ոստիկանության ու միգրացիոն ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։
Ֆինանսավորումը նախատեսվում է ուղղել ներքին գործերի նախարարության հիմնադրմանը, ոստիկանության բարեփոխումներին, պարեկային ոստիկանության կարողությունների հզորացմանը:
Ծրագրի շահառու մարմիններն են նաև արդարադատության նախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող վերոհիշյալ երկու ֆինանսական համաձայնագրերը` 10 և 23 մլն եվրոյի չափով, կառավարության նիստում արժանացան գործադրի հավանությանը։