ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ժողովրդական ճակատին, «Մենք միասին ենք» շարժմանն ու կամավորներին հանձնարարվել է վերահսկողության տակ վերցնել զորահավաքի ենթարկվածների ընտանիքներին բազմակողմանի աջակցության տրամադրումը։ Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մարզերի ղեկավարներին Ժողովրդական ճակատի, «Մենք միասին ենք» շարժման, կամավորների հետ համատեղ հանձնարարում եմ վերահսկել զորահավաքի շրջանակում զինվորական ծառայության կանչվածների ընտանիքներին` երեխաներին, ծնողներին, կանանց, մեր բոլոր պաշտպանների մտերիմներին բազմակողմանի աջակցության տրամադրումը», – ասել է նա։
Պուտինը նշել է նաև, որ ամսական դրամական վճարը զորահավաքի ենթարկված յուրաքանչյուր շարքայինի համար զորամասում գրանցվելուց հետո կազմում է 195 հազար ռուբլի։
«Այսօր հանձնարարական եմ ստորագրել գումարի սահմանված ժամկետների և չափերի անշեղ կատարման մասին։ Այն պետք է կազմի, հիշեցնում եմ, ոչ պակաս, քան 195 հազար ռուբլի օրացույցային մեկ ամսվա համար։ Հատուկ ընդգծեմ, դա վերաբերում է նաև անձնակազմի նախապատրաստման և ուսուցման ժամանակահատվածին», – ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի շուրջ 1%-ն է։
Հավելենք, որ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում հոկտեմբերի 20-ից ռազմական դրություն է մտցվում։