ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, մայրաքաղաք Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար։ Պատճառը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության հաղորդմամբ՝ այդ ժամանակահատվածում հնարավոր է` նաև արգելվի երթևեկությունը Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Նման որոշում կկայացվի ըստ անհրաժեշտության։
Հիշեցնենք՝ վաղը Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Երևան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարական պատվիրակությունների նեղ ու ընդլայնված կազմերով նիստեր, որոնց օրակարգում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր են: