Ուկրաինական զորքերը փորձել են դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու համար

Զապորոժիեի ատոմակայան
Ուկրաինական դեսանտ իջեցնելու գործողությանն առնվազն 30 մոտորանավակ է մասնակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինական զորքերը փորձել են մոտորանավակներով դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու նպատակով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Անցած գիշեր Զապորոժիե քաղաքի հարավային շրջանից և այլ ուղղություններից դուրս է եկել հատուկ գործողությունների ուժերի գրոհայիններով լեփ-լեցուն դեսանտային նավակների մեծ խումբ։ Նրանց հետ մեծ բեռնված նավ կար։ Քաղաքի գնդակոծությունից հետո սկսվել է դեսանտի վայրէջքի փորձ, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանը գրավելու նպատակով։ Մի քանի ժամ մարտեր էին ընթանում, առնվազն երեք-երեքուկես ժամ: Դեսանտ իջեցնելու փորձը հետ է մղվել», - ասել է Ռոգովը։
Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցել են առնվազն 30 մոտորանավակներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զորքերն անցած գիշեր ամերիկյան HIMARS համակարգերից հարված են հասցրել Էներգոդարի վարչակազմին, վնասվել է քաղաքի մուտքի կամուրջն ու «Լուչ» ենթակայանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։