Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հոբելյանական համերգից։ Դրանցից մեկում մաեստրո Հեքեքյանը պարում է երգչախմբի հետ, իսկ մյուսում` երեխաները երգում են աշխարհահռչակ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի նվագակցությամբ։ Նրանք կատարում են Ավետիս Բերբերյանի ստեղծագործությունը։ Ի դեպ, աշխարհահռչակ բանդոնեոնահարը այս համերգի և Հայաստան գալու համար հոնորար չի պահանջել։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, հիմնադրվել է 1992թ–ին` Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում։
30 տարիների ընթացքում երգչախումբը բուռն համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Միջազգային խոշոր մրցույթներում երգչախումբը նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե մեդալ, մասնակցել հեղինակավոր փառատոների. 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։
30 տարիների ընթացքում երգչախումբը կատարել է ավելի քան 1000 ստեղծագործություն, որոնցից մի քանի հարյուրն արխիվում են, իսկ մոտ 400–ը` երգչախմբի մշտական ծրագրում։ 30-ամյա հոբելյանական համերգին մասնակցելու համար նախկին սաներ են ժամանել ԱՄՆ–ից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։
Սաները պատմում են Հեքեքյանը հաճախ ամեն ինչ դիտավորյալ է բարդացնում, որ սաներն ավելի լավը դառնան ու երբեք դժվարություններից չընկճվեն։