Իրանը պատասխան պատժամիջոցներ կկիրառի ԵՄ 4 կազմակերպության և 15 պաշտոնյայի դեմ. Աբդոլլահիան

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուտով մանրամասներ կներկայացնի սահմանափակող միջոցների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը, ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների, սահմանափակումներ կմտցնի արևմտյան 4 կազմակերպությունների, ինչպես նաև Եվրոպայի 15 պաշտոնյաների դեմ։ ISNA-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել «Ռուսաստանին զենք մատակարարելու» համար
Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպությունների դեմ երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև իրանական բարքերի ոստիկանությունը։
«Մի քանի ժամ անց Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ պատժամիջոցների կիրառման և բռնության ու ծայրահեղականության նկատմամբ հրահրումների հետ կապ ունեցող առնվազն 4 արևմտյան կազմակերպություններն ու 15 պաշտոնատար անձինք կավելացվեն սև ցուցակում, որտեղ նշված են ահաբեկիչները ու նրանք, ում նկատմամբ Իրանը պատժամիջոցներ է սահմանվել»,-ասել է նախարարը:
Նա ավելացրել է, որ ԱԳՆ-ն առաջիկայում մանրամասներ կներկայացնի այդ հարցի վերաբերյալ։
Նշենք, որ Իրանում վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։
Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրանի ԱԳՆ-ն խոստանում է պատասխանել Եվրամիության նոր պատժամիջոցներին. Քանանի
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծի արդյունքում։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։