Ինչ տեսք ունեն ներկրվող նոր տրոլեյբուսները. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել

Sputnik
30 նոր տրոլեյբուսները Երևանի փողոցներ դուրս կբերվեն 2023թ–ին։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչ նոր տրոլեյբուսներ կներկրվեն Հայաստան առաջիկայում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ նոր տրոլեյբուսների Երևան ժամանելուն շատ քիչ է մնացել»,– գրել է Սարգսյանը` հրապարակելով տրոլեյբուսի արտադրության չինական գործարանում նկարահանված տեսանյութը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 30 նոր տրոլեյբուսները Հայաստան կներկրվեն մինչև տարեվերջ, իսկ ուղեգիծ դուրս կգան արդեն 2023թ-ին։
30 տրոլեյբուսներից 15-ը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանը, 15-ը` կառավարությունը։
Ներկայում Երևանի տրոլեյբուսային պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնցից ամենահինը 44 տարվա է, իսկ «ամենաերիտասարդը» 14 տարեկան է։
Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին` մինչև տարեվերջ, բացի 15 տրոլեյբուսներից կներկրվեն նաև 165 նոր ավտոբուսներ, որոնք նույնպես քաղաքացիներին կսկսեն սպասարկել 2023 թվականից։