ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Թբիլիսիում գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության բակում հայտնաբերվել է մի քանի տասնյակ տապանաքար և 5 մարդու աճյուն։ Մասունքները գտնվել են հողամասում իրականացվող հողային աշխատանքների ժամանակ։
Ինչպես հաղորդում է Վրաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, որոշում է կայացվել անմիջապես դադարեցնել աշխատանքները և այնտեղ հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։
Հնագիտության և մշակութային ժառանգության հետազոտությունների ծառայության հնագետ Զուրաբ Գիորգաձեն նշել է, որ խոսքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հուղարկավորությունների մասին է:
Վրաստանի մշակույթի նախարարության բակում հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը
«Երկու շաբաթ առաջ մեզ հայտնեցին գտածոյի մասին։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ խոսքը գերեզմանոցի մասին է։ Այդ տարածքում նախկինում գտնվում էր Տիրամոր հայկական վանքը՝ վանքի մայր տաճարը»,- ասել է նա։
Նախնական տվյալներով՝ պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Հովհաննես Տեր-Պողոսյանին, իսկ մյուսը՝ նրա կնոջը։ Վանքն ունեցել է օժանդակ շինություններ, իսկ տաճարի հյուսիսային և հարվային կողմից մատուռ ուներ։ Այս վայրում արձանագրվել է մի քանի տասնյակ տապանաքար, որոնցից միայն երկուսն է նույնականացված։
Հաղորդագրությունում ասվում է, որ Թբիլիսիի մշակույթի նախարարության շենքի վերակառուցման ընթացքում հայտնաբերված հնագույն մնացորդները փոխանցվել են Խոջիվանք պանթեոնին, որտեղ թաղված են հայ գրողներ և հասարակական գործիչներ։
Վրաստանի մշակույթի նախարարության բակում հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը
Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Տեա Ցուլուկիանին նշել է, որ եկեղեցին բավականին մեծ է եղել և թեմի համար ծառայել է որպես մայր տաճար։
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն էլ նշել է, որ վրացական կողմի արձագանքը 2 երկրի միջև բարեկամության և քրիստոնեական ժառանգության հանդեպ Վրաստանի իշխանությունների հարգանքի հերթական նշանն է: Նա ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում այդ քայլը։
Մասունքներն ու սալիկները փոխանցվել են Վրաստանի հայ համայնքին։ Հայ Առաքելական եկեղեցու թեմում հոգեհանգստյան արարողությունից հետո նրանք վերահուղարկավորվելու են Խոջիվանք հայկական պանթեոնում: