ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ–ն Ռուսաստանի դեմ արդեն այնքան պատժամիջոց է կիրառել, որ նրա հնարավորությունները նոր միջոցներ կիրառելու համար խիստ սահմանափակ են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին Բրյուսելում հայտնել է եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը։
«Երբեմն պետք է սպասել արդեն իսկ ընդունած պատժամիջոցների ազդեցությանը, որն այս պահին տեղի է ունենում։ Եվրահանձնաժողովն ու անդամ երկրներն աշխատում են հնարավոր նոր միջոցների ուղղությամբ։ Մենք արդեն այնքան պատժամիջոց ենք կիրառել, որ տիրույթը (նոր սահմանափակումների համար – խմբ.) շատ սահմանափակ է, այդպիսին է իրականությունը», – հայտնել է նա։
Աղբյուրը հավելել է, որ ԵՄ–ն առավել կարևոր է համարում դրանց իրականացումը, ակնկալում է պատժամիջոցներին երրորդ երկրների միացում։ Դա (երրորդ երկրների միացումը – խմբ.) երբեմն ավելի կարևոր է, քան նոր պատժամիջոցները», – ասել է նա։
Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացրեց Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ–ն բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը կլուծի այն բոլոր խնդիրները, որոնք իր համար առաջացնում է Արևմուտքը։
Հոկտեմբերի սկզբին ԵՄ–ն գործողության մեջ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը ինչպես տնտեսական նոր սահմանափակումներ, այնպես էլ անհատական պատժամիջոցների ընդլայնված ցանկ է ներառում: Տնտեսական պատժամիջոցների ցանկում է երրորդ երկրներ ռուսական նավթի ծովային բեռնափոխադրման նկատմամբ գների առավելագույն շեմի սահմանման համար օրենսդրական հիմքի կիրառումը։ Նախատեսվում է, որ գների առավելագույն սահմանաչափը կկիրառվի դեկտեմբերի 5-ին` նավթի և 2023 թվականի փետրվարի 5-ին` նավթամթերքի համար։