ԵԱՏՄ-ն դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում․ ռուս քաղաքագետ

Տիմոֆեյ Բորդաչով. Արխիվային լուսանկար
Փորձագետը վստահ է, որ ընթացիկ միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵԱՏՄ միասնական էներգետիկ և պարենային շուկաների ձևավորման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ ֆինանսական, առևտրատնտեսական, ինստիտուցիոնալ և տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները նոր նշանակություն են ստանում Եվրոպայում ռազմաքաղաքական ճգնաժամի և Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական պատերազմի ֆոնին։ Նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը Երևանում «ԵԱՏՄ զարգացման ուղղության հեռանկարները նոր պայմաններում և երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ դրանց փոխակերպվող արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում» կլոր սեղանի ընթացքում։
ԵԱՏՄ երկրներում 200 մլն դոլար կուղղեն վարկերի էժանացմանը
Բորդաչովը նշել է, որ ԵԱՏՄ-ի գլխավոր խնդիրը մասնակից երկրների զարգացումն է, ինքնիշխանության ու ինքնուրույնության ամրապնդումը։ Եվրոպայում ներկայիս ռազմաքաղաքական ճգնաժամը և Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմն անմիջական ազդեցություն են ունենում ՌԴ և ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ողջ կոնֆիգուրացիայի վրա։
Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես մասնակից երկրների միջազգային մրցունակության բարձրացման գործիք։ Իսկ հիմա բազային պայմանները սկզբունքորեն փոխվում են. իրականություն են դարձել այն արտադրա-ներդրումային և ֆինանսա-լոգիստիկ շղթաներից Ռուսաստանին «անջատելու» փորձերը, որոնց վրա ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները կարող են որոշիչ ազդեցություն ունենալ։
«Նախկինում ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը դիտարկվում էր ավելի շուտ որպես լրացուցիչ հնարավորություն, բայց այժմ հենց դրա միջոցով է կարելի լուծել պատժամիջոցների դիմադրողականությունը բարձրացնելու, գիտատեխնոլոգիական զարգացման, երրորդ երկրների հետ առևտրի ընդլայնման, տեխնոլոգիաներին, լոգիստիկ լուծումներին և ֆինանսական շուկաներին հասանելիություն ստանալու համար հրատապ խնդիրները։ Հիմա Եվրասիական տնտեսական ինտեգրացիան դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում», – վստահ է քաղաքագետը։
Միաժամանակ Բորդաչովը նշեց, որ 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի սրումը և դրա հետ կապված հակառուսական պատժամիջոցները արագացրել են էներգառեսուրսների գների աճը, իսկ դա հանգեցրել է աշխարհի շատ երկրներում գնաճի ուժեղացմանը: Այս համատեքստում նա կարծում է, որ Ռուսաստանը՝ որպես նավթի և նավթագազային արտադրանքի համաշխարհային խոշորագույն արտահանող, շատ բարեկամ երկրների համար կարող է մեղմել այդ ռիսկերը՝ մատակարարելով հումքային արտադրանքն իջեցված, բայց ՌԴ-ի համար շահավետ գներով, ինչպես հիմա անում է Չինաստանի և Հնդկաստանի համար։
«Այս միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵԱՏՄ միասնական էներգետիկ և պարենային շուկաների ձևավորման համար՝ միաժամանակ մեծացնելով ԵԱՏՄ նշանակությունը Ռուսաստանի համար՝ որպես իր արտադրանքը արտաքին շուկաներ մղելու հարթակ», – ասաց նա։
Փորձագետը վստահ է, որ ՌԴ-ի ու Բելառուսի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակող միջոցների խստացումը կարող է հանգեցնել միության շրջանակում ֆինանսական ինտեգրման ամրապնդմանը, հաշվի առնելով ազգային արժույթների ակտիվ օգտագործումը հաշվարկներում, առաջին հերթին՝ ռուսական էժան նավթի ու գազի, գյուղատնտեսական արտադրանքի համար: ԵԱՏՄ-ի ներսում էներգակիրների ավելի ցածր գները կարող են խթանել բարեկամ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը։
Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատարն է փոխադարձ առևտրի աճի տեմպերով
Նրա կարծիքով՝ այժմ ԵԱՏՄ երկրների համար նպատակահարմար կլիներ դիտարկել համագործակցության ակտիվացման հետևյալ ուղղությունները՝ այլընտրանքային ֆինանսական մեխանիզմների զարգացում, նոր հնարավորությունների ստեղծում և նախկին արտահանման հնարավորությունների պահպանում, խիստ կարևոր ապրանքների և տեխնոլոգիաների զուգահեռ ներմուծման կանոնավոր ուղիների կազմակերպում, բարեկամ երկրների հետ նոր արտոնյալ համաձայնագրերի կնքում, եվրասիական ինտեգրման ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։