ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ հետևում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին։
«Ապացույցների ձեռքբերման գործընթացում կամ վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների (օգնական, գործավար) նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները»,– ասված է հայտարարության մեջ։
Դատավորների միությունը հորդորում է պահպանել օրինականություն, իսկ հետագա զարգացումների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում հանդես կգա նոր հայտարարությամբ:
Հիշեցնենք` դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում այսօր կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար: