ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտ։
Ուսանողների պահանջն անփոփոխ է՝ դեմ են «Բրյուսովի», Մանկավարժականի և Ֆիզկուլտինստիտուտի հնարավոր միավորմանը։
«Այստեղ ենք մեր պահանջով և պնդումներով։ Ուզում ենք հասկանալ՝ ինչպե՞ս է ազդելու այս որոշումը կրթության որակի բարելավման վրա, բուհի հետագա վայրը ո՞րն է լինելու, որտե՞ղ ենք սովորելու, ո՞նց է լինելու միացումը։ Շատ հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար եկել ենք այստեղ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՊՀ-ի երրորդ կուրսի ուսանող Սահակ Ալոյանը։
Ուսանողը նշում է, որ իրենք հաստատակամ են և մնալու են ԿԳՄՍ-ի մոտ այնքան, մինչև նախարարությունից իրենց հարցերին չպատասխանեն։
«Ուզում ենք «Բրյուսովի» հասցեն մնա անփոփոխ՝ Թումանյան 42-ը, ուսանողությունն էլ անցնի իր բնականոն կյանքին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիաներ են անում ընդդեմ բուհերի խոշորացման։ Խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։