ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան

Նախարարի այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Սեպտեմբերի 29-ին հնդկական The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։
Նշվում էր, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ Այդ փաստաթղթերի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։
The Economic Times–ի աղբյուրները հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։
ՀՀ–ին զենք մատակարարող երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը. Անդրանիկ Քոչարյան
Գործարքի շրջանակում, ըստ լուրերի, Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։
Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցային ռադար։