Եյսկում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի. 3–ը երեխաներ են

Վթարի հետևանքով տուժած բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Նրանցից 3–ը երեխաներ են։ Տուժածների թիվը ներկա պահին 19 է։
Նրանցից 11–ը, այդ թվում`2 հղի կանայք, գտնվում են Եյսկի հիվանդանոցում, ևս 4-ը, այդ թվում՝ 2 երեխա, ծանր վիճակում տեղափոխվել են Կրասնոդարի հիվանդանոց, որտեղ միացված են արհեստական շնչառության սարքին։
Վթարի հետևանքով տուժած բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շինության վիճակը կգնահատի հատուկ հանձնաժողովը։ Նախնական գնահատմամբ` հարակից շենք–շինությունները չեն տուժել։
Տուժած շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
Կուբանի ղեկավարը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե կործանված ինքնաթիռը բարձված է եղել զինամթերքով։ Նրա խոսքով` օդային ուժերի ուսումնական թռիչքները տեղի են ունենում առանց զինամթերքի։
Եյսկում Սու-34 է ընկել. զոհերի վերաբերյալ առաջին տեղեկություններն են ստացվել
Փորձագիտական գնահատականներով` հրդեհը վթարի վայրում բռնկվել է Սու-34-ի վառելիքի արտահոսքի հետևանքով։
Մարզային ղեկավարության որոշմամբ` վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կվճարվի 1 միլիոն ռուբլի, յուրաքանչյուր զոհի համար` միանվագ 10 հազար ռուբլի վնասի փոխհատւցում։
Առողջությանը միջին և ծանր վնասի դեպքում տուժածներին կվճարվի 400 հազար, թեթև վնասի դեպքում՝ 200–հազարական ռուբլի փոխհատուցում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի գույքային վնասի դիմաց կվճարվի 100–հազարական ռուբլի փոխհատուցում։
Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել