Շառլ Միշելը ողջունել է ԵՄ առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին

Շառլ Միշել. Արխիվային լուսանկար
Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը և կաջակցի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին: Նա այս մասին գրառում է արել Twitter-ում։
Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս ունի, որ դա կնպաստի վստահության ձևավորմանը և ավելի շատ կաջակցի սահմանազատման հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։
ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։
Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի, երկու ամսից ավելի չի տևի։
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։