Մայոր Սենիկ Այվազյանի կիսանդրին տեղադրել են Կրասնոդարի երկրամասում

Կիսանդրու հեղինակը քանդակագործ Միհրան Հարությունյանն է, հովանավորները ևս էթնիկ հայեր են։
Sputnik
Կրասնոդարի երկրամասի Սերգիևսկի կայարանում տեղադրել են 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 2-րդ բաժնի պետ, հետախուզական խմբի հրամանատար, մայոր Սենիկ Այվազյանի կիսանդրին:
Կիսանդրու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին։
Կիսանդրին ստեղծել է քանդակագործ Միհրան Հարությունյանը, այն տեղադրվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի և Կորենովսկի շրջանի հայ համայնքի նախաձեռնությամբ։
Կիսանդրին տեղադրվել է 1943 թվականին ֆաշիստների դեմ մարտերում զոհված Սերգիևսկայա ստանիցայի ու 409-րդ հայկական դիվիզիայի զինվորների եղբայրական գերեզմանոցի հուշահամալիրի մոտ գտնվող այգում:
Կիսանդրու տեղադրման գաղափարը պատկանում է պատմաբան Միխայիլ Տիմչենկոյին, հովանավորներն են արմավիրցի Գրիգորի Սահակյանը և Կորենովի շրջանից Արսեն Կուրղենյանը։
Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Կամո Հայրապետյանը միջոցառումը կարևորել է կուբանցիների երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության առումով:
Սենիկ Այվազյանը ծնվել է 1903 թվականի օգոստոսի 14-ին շոգեքարշի մեքենավարի ընտանիքում։ 1920 թվականին ավարտել է Թբիլիսիի 3-րդ դասարան ունեցող առևտրական ուսումնարանը, երեք տարի անց ընդունվել է հայկական միացյալ ռազմական դպրոց։ Ծառայության ընթացքում 1928 թվականին ստացել է կապիտանի կոչում։ 1932 թվականից ընդունվել է Լենինականի հեծելազորային գունդ։ 1940 թվականին նրան մայորի կոչում է շնորհվել։ 1942 թվականի հուլիսից մասնակցել է Կովկասի համար մղվող պայքարին։