ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս եկավ եզրափակիչ։
Ամոյանը եզրափակչում կմրցի Մոլդովան ներկայացնող՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալեքսանդրին Գուցուի հետ։
Մինչ այս Ամոյանը արդեն անցկացրել էր 3 գոտեմարտ ու հաղթանակ տարել։
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նույնպես դուրս եկավ եզրափակիչ՝ լարված պայքարում 6:4 հաշվով հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Մակսաթ Սաիլաուին։
Նշենք, որ Իսպանիայում Պոնտեվեդրա քաղաքում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ը մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալիս 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Ազատ ոճայինների կազմում ընդգրկված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):