ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազիր օգնական Լուսինե Մարտիրոսյանը։
Այս միջնորդությամբ դատախազությունը փորձում է ստանալ ԲԴԽ–ի համաձայնությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու համար։
«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,–ասացին դատախազությունից:
Դատախազությունից նաև հայտնեցին, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը ևս փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստերի հետ:
Միաժամանակ նշվում է, որ փաստաբան Էրիկ Ալեքսայնանին ձերբակալելու մասին վարույթ իրականացնող մարմինը, օրենքի համաձայն, տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:
Ինչպես արդեն հայտնել ենք, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելու լուրն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
ԲԴԽ–ի մեր աղբյուրի հաաստմամբ, ԲԴԽ–ում այս պահին քննարկվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հարցը։
Նշենք, որ մամուլի տեղեկություններով, փաստաբանի ու դատավորի մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։