Բացվել են 11-13-րդ դարերի հարուստ շերտեր. ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները

Ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել։ Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, դրանք մեկնարկել եին 2022 թվականի մայիսին։
Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող` մոտ 60 մ երկարությամբ տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին, երկրորդ բաղնիքների ներսում։ Դրանց մերձակայքում հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը: Հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և պարիսպներից դուրս:
Ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ են եկել նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվել են հիպոկաուստ հատակի սյուները, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները: Դրանց ներսում նույնպես բացվել են պատերի հիմքեր։ Երկրորդ բաղնիքից հարավ վերապեղվել են երկու բացօթյա լողավազանները:
Ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Եկեղեցուց կամ առավել հայտնի՝ քաղաքացիական կառույցից հեռացվել են 19-20-րդ դդ. առանց շաղախի շարված պատերը, որոնցով փակված էին եռակամար գավիթ-նախասրահի կամարները, կառույցի մուտքերը և լուսամուտը: Պարզվել է, որ կառույցի` նախկինում մուտք համարվող ոչ բոլոր բացվածքներն են մուտքեր եղել: Այս պատերի միջից դուրս են եկել 12-13-րդ դդ. խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ:
Հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամրոցի տարբեր հատվածներ նախկինում ևս պեղվել են։ Այստեղ կարելի է արձանագրել 18-20-րդ դդ. թույլ արտահայտված և 11-13-րդ դդ. բավական հարուստ շերտեր:
Ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Պեղումները հատկապես արդյունավետ էին ստորին շերտերում։ Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որը հավանաբար եղել է խաղաքար և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը:
Ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը:
Բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան):
Ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները