ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Փափազյանը դատարան է դիմել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից իր տվյալները հեռացնել պարտավորեցնելու պահանջով։
Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։ Փափազյանի ներկայացուցիչը Սիրանուշ Սահակյանն է։
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Փափազյանին վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը: