Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ցանկացած ուժերի տեղակայմանը․ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. Արխիվային լուսանկար
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը: Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։
Տեղեկությունը հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բայրամովը ևս, անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, «պաշտպանել է այդ հարցում Իրանի դիրքորոշումը»։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Անդրադառնալով վերջերս կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտությունը և այդ մոտեցումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ: