Հիվանդության լուրը հենց ես հայտնեցի սիրուն մամայիս․ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ

Հոկտեմբերն աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է իր ընտանիքի պատմությունը՝ կանանց խնդրելով անպայման հետազոտվել։
Sputnik
Երկար միջանցք, մի քանի տասնյակ կանայք, որ հերթով մտնում են հետազոտությունների սենյակ, դուրս գալիս ժպիտը դեմքին ու շտապում հեռանալ, կամ արցունքն աչքերին, մոլորված հայացքով մնում կանգնած։ Մեր ընտանիքի համար փորձություններով լի ճանապարհի առաջին կանգառն այս տեսքն ուներ։ Հայացքով հետևում էի կանանց, իսկ մտքով վերադասավորում օրվա անելիքները՝ 1 ժամից կհասնեմ ժողովի, հետո նկարահանման, երեկոյան էլ կենցաղային գործերը կանեմ։ Թեպետ հետազոտության էինք գնացել, որովհետև մայրս կրծքում կոշտ մի բան էր շոշափել, բայց վստահ էի՝ ոչ մի լուրջ բան չկա. ինչպե՞ս կարող է 70-ն անց կնոջ մոտ ուռուցք առաջանալ, առավել ևս, որ իր մայրական կողմում քաղցկեղ ոչ ոք չի ունեցել, համենայն դեպս, մենք այդպիսի մեկին չենք ճանաչում։
«Ման ջան, բժշկուհին ասում է՝ դու էլ ինձ հետ ներս մտնես, բան ունի ասելու, ինձ չի ասում»,- առաջին բաժակ սառը ջուրը մայրս լցրեց գլխիս։ Մեկ վայրկյան առաջ ունեցածս հանգստությունը մեռավ։ Դողացող ոտքերով ներս մտա։ Սոնոգրաֆիստ բժշկուհին խոսում էր, ես լուռ կուլ էի տալիս արցունքներս...
Բժշկուհու խոսքից 5 բան առանձնացրի՝ դեռ ոչ մի բան հստակ չէ, գոյացության ձևն անհանգստացնող է, ուռուցքը կարող է մինչև 90 տարեկան յուրաքանչյուրի մոտ առաջանալ, ժառանգականությունը կարևոր է, բայց շեղումներ էլ են լինում, և պետք է բիոպսիա արվի։
Բիոպսիայից հետո կյանքիս ամենածանր շաբաթն էր, հետո լսածս ամենածանր երկու բառը՝ ուռուցքը չարորակ է։
Պատմության հերոսուհին՝ Մելանյա Հայրապետյանը
Բարեբախտաբար մայրս ուշացել էր հետազոտության պատասխանը ստանալու ճանապարհին։ Մինչև հասավ, արդեն մի կուշտ լացել, գոռացել, մազերս քաշել, լաբորատորիայի աշխատակցուհու հետ անիմաստ ընդհարվել ու Աստծուն պատերազմ էի հայտարարել...
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը
Երբ մայրիկիս հանդիպեցի հիվանդանոցի դռների մոտ, արդեն որոշել էի՝ կռիվ ենք տալու քաղցկեղի դեմ բոլոր հնարավոր ու անհնար զենքերով. մամաս ապրելու է․․․ պետք է ապրի։ Քաղցկեղի լուրը հենց ես հայտնեցի սիրուն մամայիս․․․

Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը հետազոտությունների սկիզբն է

Մայրս շատ ուժեղ կին է։ Հայրս շատ երիտասարդ է մահացել, ու նա ինձ ու քրոջս մենակ է մեծացրել։ Բոլորովին մենակ։ Մութ ու ցուրտ տարիներին անհայր մնացած ընտանիքը բեռ էր հարազատների համար, ու նրանք այդ բեռից ազատվեցին առանց երկմտելու։
Մայրս դա սառը տարավ։ Չչարացավ։ Չմեղադրեց։
Մայրս կարողանում է իրեն սառը պահել անգամ ծանրագույն իրավիճակներում։ Ու հավատացե՛ք` այդ սառնությունը շատ օգնեց մեզ անցնելու փորձություններով, տանջանքով ու ցավով լի այս ամիսները։
Մամայիս հետ պայմանավորվեցինք՝ իրենից իր վիճակի մասին ոչինչ չենք թաքցնելու, որ գիտակցաբար հաղթահարենք ամեն բան։
Մելանյա Հայրապետյանը քիմիաթերապիայից հետո
Եվ այսպես՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո հետազոտությունների մի մեծ շղթա է սկսվում։ Սա հոգնատանջ, լարված ընթացք է։
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
Ես սկսեցի սովորել, ճանաչել մեր «թշնամուն», իմացա, որ գոյացությունները միայն բարորակ և չարորակ չեն լինում, նույն օրգանի ուռուցքները տարբեր «բնավորություններ» կարող են ունենալ, և ըստ այդմ է նաև ընտրվում պայքարի սխեման։ Ինչևէ, պարզվեց, որ մենք գործ ունենք ինվազիվ բլթակային կարցիոնոմայի հետ։
«Սա կրծքագեղձի քաղցկեղի, այսպես ասած, լավ տեսակն է»,- աբսուրդ թվացող այս նախադասությունը հետագայում շատ անգամներ լսեցինք, մենք էլ սկսեցինք այն կրկնել՝ մեզ համար հույս ու լույս դարձնելով։
Անգամ այն բանից հետո, երբ KT հետազոտությամբ մայրիկիս թոքերում կասկածելի օջախներ հայտնաբերեցին։
-Ամենայն հավանականությամբ` մետաստազներ են, պետք է պատրաստ լինեք դրան։ Քիմիաթերապիայի 4-րդ կուրսից հետո ևս մեկ անգամ KT հետազոտություն կանենք։
-Այսինքն՝ եթե մետաստազ է, մենք լիարժեք բուժման մասին չե՞նք խոսում։
Բժշկուհու լռությունը, մոտեցրած աթոռն ու առաջարկած ջուրն արդեն հարցիս պատասխանն էին։

Քիմիաթերապիա

Այն, որ քիմիան օրգանիզմը հալումաշ է անում, լսել էի, ֆիլմերում տեսել ու մտածել՝ գեղարվեստականորեն չափազանցված է, բայց չէ՜... գեղարվեստականորեն մեղմացված է։ Հիվանդին անպայման խնամող ձեռք է պետք, ու այս դեպքում «խնամող» բառի բովանդակությունը հասկանում ես քիմիաթերապիայի հենց առաջին կուրսից հետո։ Միայն դեղորայքի ստացումը 4-5 ժամ է տևում, երբեմն՝ դրանից էլ ավելի։ Քաղցկեղի հաղթահարման ընթացքը ֆիզիկապես, հոգեպես ծանր է ոչ միայն հիվանդի, այլև խնամող հարազատի համար։ Մամայիս քիմիայի 8 կուրս նշանակվեց։
Պատմության հերոսուհին՝ Մելանյա Հայրապետյանը
Միջամտությունների սենյակի դռան մոտ սպասում էի, որ մայրիկիս կաթիլայինը միացնեն։ Սպիտակահեր, սիրուն մամաս նստած էր աթոռին, կողքին ևս երկու կին՝ գլխաշորերով։ Այդպես սովորեցի նաև հասկանալ, թե ովքեր են «նորեկներ», ովքեր՝ «հնաբնակներ»։
«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի
Առաջին քիմիայից 3 օր անց սկսվեց դժոխքը՝ գլխացավ, հոդացավ, մկանացավ, ստամոքսի ցավ, կոկորդի այրոց․․․ Ցավերի սկսվող ու թվում է՝ չվերջացող շղթա։ Բժիշկների նշանակած «սիմպտոմատիկ» դեղերը քիմիայի կողմնակի ազդեցությունները մեղմացնում են, բայց ամբողջապես չեն վերացնում։ Սպասվող կողմնակի հետևանքներից միակը, որ մայրս քիմիայի 6 ամիսների ընթացքում չունեցավ, սրտխառնոցն էր, բայց ախորժակն ու համային ընկալումները փոխվեցին։ Ուղիղ մեկ շաբաթ անց, ինչպես բժշկուհին զգուշացրել էր, մամայիս սիրուն, սպիտակ մազերը սկսեցին փնջերով թափվել․․․
Նորաձև գլխաշորեր էի պատվիրել։ 3 հատ։ Մամայիս, ինձ, քրոջս։ Որոշված էր` երեքս էլ կապելու ենք։
Քիմիաթերապիայի 4-րդ կուրսից հետո՝ հունվարի 6-ին, իմ ամանորյա նվերը ստացա՝ КТ հետազոտության պատասխանը: Մամայիս թոքերում մետաստազներ չկան․․․
Քիմիաթերապիան փրկող, բայց և օրգանիզմը թուլացնող մի բան է։ Գիտե՞ք` ինչքան անպետք էի ինձ զգում, երբ ցածր հեմոգլոբինով մայրիկիս շտապ արյան փոխներարկում էր պետք, իսկ ես չէի կարող դոնոր լինել, պիտանի չէի դոնոր լինելու։ Հապաղելու ժամանակ չկար։ Սոցցանցում դիմեցի ծանոթ ու անծանոթ ընկերներիս՝ խնդրելով արյուն հանձնել ու փրկել մայրիկիս կյանքը։ Աշխարհում դեռ շատ կան սրտացավ ու կարեկցող մարդիկ. մայրիկս այդ մի փորձություն էլ անցավ։
Տոնի պես մի բան է քիմիաթերապիայի վերջին կուրսի օրը։ Աջից ու ձախից սկսում ես շնորհավորանքներ ստանալ՝ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, հիվանդներ, հարազատներ...
«Երանի քեզ» կամ «տարոսը մեզ»․ ճանապարհելիս ասում են հիվանդները։
Հետաքրքիր է՝ կյանքի համար պայքարի այս ճանապարհին բախտակիցներով ընկերանում, հարազատանում են, փորձի փոխանակում անում, իրար քաջալերում, օգնում։ Ամենածանրը գիտակցումն էր, որ նրանցից ոմանք տանուլ են տվել կենաց-մահու կռվում ու էլ չեն գալու։ 40-ամյա մի կին կար, որը երկու փոքրիկ երեխա ուներ, քիմիայի էր գալիս մոր հետ, հետո նրան այլևս չտեսանք․․․
Իսկ մեր պայքարը շարունակվում էր։

Հետո․․․

Քիմիաթերապիայից հետո մամայիս սպասվում էր վիրահատություն, որը, անկեղծորեն, ավելի թեթև ու անցավ էր քիմիաթերապիայի համեմատ։ Վիրահատությունից 24 ժամ անց արդեն տանն էինք․․․ «Արդեն տանն ենք»՝ պետք չէ հասկանալ, թե տանը վազվզում էինք։ Չէ, հետվիրահատական շրջանը ևս հեշտ չէ, առավել ևս, երբ օրգանիզմը հյուծված է, նյարդերը` արդեն քայքայված։ Առնվազն մեկ ամիս է պետք վերականգնվելու համար։ Սրանից հետո հաջորդ փուլն էր՝ ճառագայթաթերապիան։ 25 աշխատանքային օր անընդմեջ։ Սա ևս իր հետևանքներն է ունենում՝ այրվածքներ, սրտխառնոց, մայրիկիս դեպքում` նաև ուժեղ, շատ ուժեղ ցավեր, այրոց կերակրափողում և այլն...
Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց
2021 թվականի սեպտեմբերից սկսված այս ճանապարհն ավարտվեց 2022 թվականի օգոստոսին․․․Թեպետ ավարտվել բառը վերապահումով եմ օգտագործում։ Առաջիկա 5 տարիներին մայրիկիս յուրաքանչյուր 3, 6 կամ 12 ամիսը մեկ տարբեր հետազոտություններ են սպասվում, ամեն օր պարտադիր ընդունվող դեղորայք՝ հիվանդության կրկնությունը կանխելու համար։ Գիտեք՝ այս բոլոր ամիսներին նախանձով էի նայում այն կանանց, որոնց դեպքում քաղցկեղն այնքան շուտ էր հայտնաբերվել, որ անգամ քիմիաթերապիայից էին կարողացել խուսափել։

Հիմա․․․

Հիմա նայում եմ մամայիս արդեն մի քանի սանտիմետր երկարած սպիտակ մազերին ու խնդրում բոլորին, ովքեր կարդացին այս պատմությունը՝ ձեզ հարազատ կանանց համոզեք, խնդրեք, ստիպեք, պարտադրեք ամեն տարի հետազոտվել։ Հիշեք՝ այս հիվանդությունից ոչ մեկս ապահովագրված չենք, բայց բժշկությունն ու գիտությունը մեզ հնարավորություն են տվել հաղթահարելու, լիարժեք բուժվելու և մոռանալու քաղցկեղի մասին, եթե այն վաղ փուլում է հայտնաբերվում։
Մելանյա Հայրապետյանը քիմիաթերապիայից հետո
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը