4 զոհ, 60-ից ավելի վիրավոր․ Իրանի բանտերից մեկում ծեծկռտուքի հետևանքով հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքները Էվինի բանտում
Թեհրանի դատախազի խոսքով՝ Էվինի բանտի բախումները ոչ մի կապ չունեն երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում բանտարկյալների միջև սկսված ծեծկռտուքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է բանտի հագուստի պահեստում `անցած գիշեր։ Միջազգային ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով մեծ թվով տուժածներ կան, մասնավորապես՝ նշվում է 4 զոհի, 61 վիրավորի մասին։
Թեհրանի դատախազ Ալի Սալեհիի խոսքով՝ իրավիճակն այս պահին բանտում վերահսկողության տակ է, ամեն ինչ հանգիստ է։ Նա նաև ընդգծել է, որ Էվինի բանտի բախումները ոչ մի կապ չունեն երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ:
Հրդեհի հետևանքները Էվինի բանտում
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվել էր Մահսա Ամինը և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Հրդեհի հետևանքները Էվինի բանտում
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ այդ անկարգություններն ու անկայունությունը պլանավորվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։