ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու համար։ Այս մասին ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այսօր կայացած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Մյուլեր–Ալտերմատը։
Կաթողիկոսն ընդունել է
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Գարեգին Բ–ն հույս է հայտնել, որ Շվեյցարիան նույնպես իր ջանքերը կներդնի միջազգային հանրության հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները, ինչպես նաև հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիների վերադարձման ուղղությամբ։
«Շտեֆան Մյուլեր Ալտերմատը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում դատապարտելու Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-շվեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։ Նա երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։