ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները պետական դավաճանության հերթական դեպքն են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՀՀ ՊՆ համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և 2022 թվականի հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում վարձատրության դիմաց վերջինին հանձնել է իր զորամասի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տարբեր փաստաթղթեր։
«Այդ փաստաթղթերը պարունակել են տեղեկություններ մարտական դիրքերի անվանումների, կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետերի, միջդիրքային հեռավորությունների, դրանց կահավորվածության և այլնի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք:
«Ես հանդիսանում եմ զինծառայող, ունեմ ավագ սերժանտի կոչում։ Հավաքագրվել եմ այլ պետության հատուկ ծառայությունների կողմից և վարձատրության դիմաց նրանց տրամադրել իմ զորամասի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, որոնց դիմաց 2 անգամ ստացել եմ 50 և մեկ անգամ 100 ԱՄՆ դոլար»,– խոստովանել է դասակի հրամանատարը։
Նրան ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զինծառայողներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելուց: