ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Ինչպես արդեն գիտեք, երկու երկրների ղեկավարները համապատասխան գերատեսչություններին հանձնարարել են շատ արագ սկսել քննարկումները, ուսումնասիրել այս գաղափարի հնարավորությունները։ Մենք բանակցությունները կսկսենք հաջորդ շաբաթ, տեղը կորոշվի մոտ օրերս»,- նշել է աղբյուրը։
Նրա խոսքով` բանակցությունների արդյունքներով մանրամասն զեկույց կներկայացվի երկու երկրների ղեկավարներին, որոնք անձամբ են վերահսկում գործընթացը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։
Հոկտեմբերի 13-ին Պուտինն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։