Պուտինը կողմ է, որ ԱՊՀ–ն դիտորդ դառնա ՀԱՊԿ-ում, բայց պատրաստ է լսել ՀՀ–ի մտահոգությունը

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել Հայաստանի` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների հետ կապված մտահոգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է ԱՊՀ–ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու գաղափարին, քանի որ դա, նրա համոզմամբ, լրացուցիչ մեխանիզմներ կստեղծի անվտանգության խնդիրների լուծման համար։
ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է Աստանայում ԱՊՀ առաջնորդների խորհրդի ընդլայնված նիստում, որտեղ ստորագրման է ներկայացվել տվյալ կարգավիճակի ընդունման մասին փաստաթուղթը։
«Մենք կողմ ենք ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու` մեր հաստատմանը ներկայացված որոշմանը։ Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` վարչապետը (Հայաստանի), ունեն որոշակի մտահոգություններ այս առնչությամբ, ապա այս հարցը պետք է հետագայում մշակվի, ուշադրություն դարձվի և աշխատանք տարվի այդ ուղղությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Միաժամանակ Պուտինը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը որևէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` այդ բոլոր հարթակները խորհրդատվության և լուծումների որոնման համար օգտագործելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։
Հիշեցնենք, որ ի տարբերություն ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ին անդամակցում է նաև Ադրբեջանը։ Վլադիմիր Պուտինի Հայաստանին ուղղված մտահոգությունն ամենայն հավանականությամբ հենց այս հանգամանքով է պայմանավորված։
ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ԱՊՀ–ում, բացի նշվածներից, ընդգրկված են նաև Ադրբեջանը, Մոլդովան, Ուզբեկստանը։
Հիշեցնենք` որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։