Լոնդոնում էկոակտիվիստները լոլիկի ապուր են լցրել Վան Գոգի «Արևածաղիկները» կտավի վրա

Բարեբախտաբար, կտավը պատկերասրահում պաշտպանիչ ապակու տակ է ցուցադրվում, ուստի այն չի վնասվել։
Sputnik
Էկոակտիվիստները լոլիկի ապուր են լցրել Լոնդոնի Ազգային պատկերասրահում ցուցադրված Վինսենթ Վան Գոգի «Արևածաղիկները» կտավի վրա, ապա իրենք իրենց սոսնձել թանգարանի պատին։ Տեղեկությունը հայտնում է Sky news- ը։
«Պարզապես վերջ տվեք նավթին» (Just stop oil) էկոխմբի ակտիվիստները այսկերպ իրենց դժգոհությունն են հայտնում կառավարության գործողություններից և պահանջում վառելիքի ճգնաժամի պայմաններում մարդկանց համար ապահովել արժանապատիվ կենսապայմաներ։
«Ո՞րն է ավելի արժեքավոր՝ արվե՞ստը, թե՞ կյանքը, ձեզ ավելի շատ հետաքրքրում է նկարի՞, թե՞ մոլորակի մարդկանց պաշտպանությունը։ Վառելիքն անհասանելի է միլիոնավոր սոված ընտանիքների համար, որոնք ապրում են սառը տներում։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ տաքացնել ապուրը»,- ակցիայի ժամանակ բղավել է ակտիվիստուհիներից մեկը՝ 21-ամյա Ֆիբի Պլամմերը։
2 ակտիվիստները ձերբակալվել են։
Բարեբախտաբար, Վան Գոգի կտավը Լոնդոնի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է պաշտպանիչ ապակու տակ։ Այն գնահատվում է 72,5 մլն ֆունտ ստեռլինգ։