Ինչպիսին պետք է լինի նոր սերնդի ավտոմեքենաների «ուղեղը». պատմում է Երվանդ Զորյանը

Երվանդ Զորյան
Չիպերը բազմաֆունկցիոնալ են դառնում. այդ նպատակով ինժեներները կատարելագործում են դրանց ճարտարապետությունը և նվազեցնում էներգիայի սպառումը, իսկ ծրագրավորողները նրանց «սովորեցնում են» ճանաչել ճանապարհի օբյեկտները և պաշտպանում են ցանցահեններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Նոր, առանց վարորդի ավտոմեքենաներում ավելի ու ավելի շատ չիպեր կլինեն, որոնց համար լրացուցիչ տեղ և անվտանգություն կպահանջվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ամերիկյան Synopsys ընկերության գլխավոր ինժեներ և փոխնախագահ Երվանդ Զորյանը վերջերս Երևանում տեղի ունեցած FAST նորարական համաժողովի շրջանակներում։
Մեքենայի համակարգչային կառավարմանը հասնելու ուղին պայմանական բաժանված է հինգ փուլի։ Ներկայումս տեխնոլոգիան հասել է երրորդ փուլին, որը կոչվում է Assisted Driving (երբ պրոցեսորը վարորդին հրահանգներ և ճանապարհի հետ կապված զգուշացումներ է տալիս)։ Հետագայում` չորրորդ փուլում, վարորդը ստիպված չի լինի ղեկի մոտ նստել (այսինքն, մեծ հաշվով, նա այլևս վարորդ չի լինի), բայց նա պետք է մեքենայի մեջ լինի և նշի երթուղին։ Վերջապես հինգերորդ փուլում հնարավոր կլինի մեքենան հեռակառավարմամբ մի կետից մյուսը հասցնել։
ՀՀ դպրոցներում երեխաները կսկսեն ծրագրավորում ու խորացված մաթեմատիկա ուսումնասիրել
Այդ տեխնոլոգիաները պետք է կատարելագործեն թե՛ ինժեներները, թե՛ ծրագրավորողները։ Առաջիններն իրականացնում են չիպերի ճարտարապետությունը և նվազեցնում են էներգիայի սպառումը, երկրորդները կատարելագործում են դրանց կառավարման ծրագրերը։ Դրա շնորհիվ չիպերը սկսում են մեքենայի մեջ ոչ թե մեկ հստակ առաջադրանք կատարել, այլ դառնում են բազմաֆունկցիոնալ, ինչպես բջջային հեռախոսում։ Ժամանակակից մոդելներում մեքենան բաժանված է գոտիների, որոնցից յուրաքանչյուրի համար չիպերի առանձին խումբ է պատասխանատու. օրինակ` հետևի ապակու համար, կողքի հայելիների համար և այլն։
Որպեսզի չիպերը կարողանան միաժամանակ մի քանի խնդիր կատարել, շատ կարևոր է դրանց համար մեքենայական ուսուցման ծրագրեր ստեղծելը (հենց դրանով էլ զբաղվում են Synopsys–ի մասնագետները, այդ թվում` Հայաստանում գտնվող իրենց դուստր–ձեռնարկությունում)։ Նրանք չիպերին «սովորեցնում են», այդ թվում, ճանաչել ճանապարհի պատկերները։ Բացի այդ, չիպում ներդրվում են ծրագրեր, որոնք հետևում են դրա «առողջությանը» (ինժեներները հենց այդ բառն են օգտագործում)։ Չիպերը կառավարող ծրագրային ապահովումը պետք է հետևի դրանց վիճակին և կանխատեսի, թե երբ դրանք «կծերանան» և թե ինչ պետք է անել այդ դեպքում։
Հայաստանը 4 հազար ծրագրավորողների կարիք ունի, պետք է դպրոցից սկսել. Synopsys
Եվ, իհարկե, նաև անվտանգության ծրագրային ապահովում է հարկավոր. երբ մեքենաները սկսեն միանալ համացանցին` տվյալներ ստանալու համար, այդ հարցն ավելի ու ավելի արդիական կդառնա։ Չէ՞ որ եթե ցանցահենները «ջարդում են» համակարգիչը, ապա նույն կերպ էլ կգտնվեն այնպիսիք, ովքեր կցանկանան «կոտրել» մեքենայի ծրագիրը և այն պատին խփել։
Ուստի չիպերը պետք է պաշտպանված լինեն հասանելիության կոդերով։
Քանի որ չիպերը դառնում են ոչ թե լրացուցիչ առավելություն, այլ մեքենաների հիմնական բաղադրիչներից մեկը, ավտոկոնցեռները ներկայումս սկսում են հենց իրենք նախագծել դրանք։ Արդեն այդպես են աշխատում Tesla–ն, Volkswagen–ը, General Motors–ը և այլ խոշոր արտադրողներ։ Չիպ–դիզայնի ընկերությունների համար, այդ թվում` Հայաստանում աշխատող ընկերությունների, նրանց հետ համագործակցության նոր հորիզոններ են բացվում։