ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում կստեղծվի փոքր և միջին բիզնեսի զարգացման բանկ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` բանկի կապիտալի ծավալն ու վարկառուների սպասարկման չափանիշներն առաջիկայում կհստակեցվեն, սակայն հայեցակարգն արդեն պարզ է՝ այն լինելու է զարգացման, և ոչ թե դասական առևտրային բանկ։ Քերոբյանի խոսքով` բանկը ոչ միայն վարկեր է տրամադրելու, այլև հանդես է գալու որպես բիզնեսի խթանիչ։
«Բանկը կընտրի լավ բիզնես գաղափարներ, իսկ սկսնակ գործարարներին կսովորեցնեն դրանք կյանքի կոչել, կօգնեն գրել բիզնես պլան։ Նաև վերապատրաստման, ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ կանցկացվեն»,– ասաց նախարարը։
Բանկը վարկ կտրամադրի ծրագրի մի մասի համար, իսկ մյուս մասը պետք է ձեռք բերվի առևտրային բանկից: Այսինքն՝ մասնագետները ձեռնարկատիրոջը կօգնեն ստեղծել այնպիսի կենսունակ նախագիծ, որը մրցակցության պայմաններում ֆինանսավորում կստանա։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ բանկի ստեծման ծրագիրը դեռ քննարկման փուլում է, բայցև չբացառեց, որ կընտրվի Հայաստանի զարգացման և ներդրումային կորպորացիան բանկի վերածելու տարբերակը։