ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում 15-ամյա տղայի մահվան պատճառ դարձած ավտոպատահարի մասնակից վարորդն այսօր ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր ողբերգական վթար է գրանցվել Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում․ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի ու մոպեդի բախման հետևանքով տեղում մահացել է անչափահաս մոպեդավարը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավն է։
ՔԿ–ն հայտնում է, որ վարորդը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու կասկածանքով։
Հավելենք, որ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեքենա վարելուն։
Քրեական վարույթով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: