ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխանակումներն ընդլայնվում են նույնիսկ պատժամիջոցների ֆոնին, ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում ավելացել է 7 տոկոսով։ Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ ևս 7 տոկոսով»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ համագործակցության գոյության ընթացքում երկրներին հաջողվել է ավելացնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, աճում է կանաչ տնտեսության զարգացման, թվայնացման, նորարարության, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հանդեպ փոխադարձ հետաքրքրությունը:
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարի խոսքով, ջանքեր են գործադրվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների անցնելու համար:
Հիշեցնենք` որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։