ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. «Թուրքական հոսքը» հաջողությամբ աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել։ Այս մասին Աստանայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն, ինչպես լսել եք, նույնպես փորձել են պայթեցնել... Բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ, այն հաջողությամբ աշխատում է», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ռուսական գազի մատակարարումներն ամբողջ ծավալով հասնում են Թուրքիա:
«Մեր ածխաջրածինների, այդ թվում՝ գազի մատակարարումները կատարվում են ամբողջ ծավալով՝ ձեր հայտերին համապատասխան։ Մենք նաև Թուրքիայի տարածքով տարանցում ենք ապահովում դեպի եվրոպական երկրներ։ Թուրքիան այսօր ամենահուսալի երթուղին է դարձել նույնիսկ Եվրոպա մատակարարումների համար», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։