ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Թբիլիսիի Վակե զբոսայգու ջրավազանում հոսանքահարվելու հետևանքով մեկ երեխա է մահացել, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Շատրվանով ջրավազանի պաշտոնական բացումը կայացել է երեկ։ Այն վերակառուցել է քաղաքապետարանը Վակե զբոսայգում վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլի շրջանակում, որի համար քաղաքապետարանը 2.3 մլն դոլար է ծախսել։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել խաղի ժամանակ։ Երեխաներից մեկը ջուրն է մտել, որպեսզի դուրս բերի գնդակը։ Երբ նա հոսանքահարվել է, երկու հասակակիցները օգնության են շտապել։ Նրանք էլ են մտել ջրավազանը և նույնպես հոսանքահարվել։
Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել, սակայն 13 տարեկան աղջկա կյանքը փրկել չի հաջողվել։ Տուժած երեխաներից մեկի վիճակն էլ ծանր է։
Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության պետ Գիգա Գիգաշվիլին լրագրողների հետ զրույցում ասել է, որ աշխատանքներն ավարտվել էին, շատրվանը ստուգել և շահագործման էին հանձնել փորձագիտական եզրակացության հիման վրա։
Գիգաշվիլիի տեղեկություններով` շատրվանն առավոտյան մաքրել էին, և որևէ խնդիր չէր եղել։ Քաղաքապետարանի աշխատակիցները ստուգել էին շատրվանը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «Էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան կամ այլ ծանր հետևանքների» հոդվածով։