ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել, որում «Լանցետ» արդիականացված կամիկաձե զինամթերքը հարվածում է ուկրաինացի զինյալներին։
Կադրերում երևում է ԱԹՍ–ի նշանառման գլխիկը, որը թռչում է ուկրաինացի զինվորներով շրջապատված ամենագնացի ուղղությամբ։ Այնուհետև ցուցադրվում է թիրախի հատվածը, որը նկարահանվել է մեկ այլ անօդաչու թռչող սարքից։ Երևում է նույն մեքենան վերևից, կողքից մոտենում է «Լանցետը», այնուհետև անօդաչու կամիկաձեն ճշգրիտ հարված է հասցնում մեքենային, ու պայթյուն է տեղի ունենում:
Տեսագրությունից կարեի է եզրակացնել, որ ուկրաինացի զինվորականները վերջին պահին հասցրել են նկատել մոտեցող դրոնը և սկսել են փախչել, բայց բոլորը պայթյունի ալիքի մեջ են ընկել:
Հուլիսին ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ՌԴ զինվորականները հատուկ գործողության շրջանակում սկսել են ուկրաինական հետևակի ոչնչացման համար արդիականացված «Լանցետ» զինամթերք կիրառել: Դրանք, ի տարբերություն բազային տարբերակի, ավելի երկար կարող են գտնվել օդում` մեկ ժամ, և ունեն ավելի հզոր մարտական մաս, որի զանգվածը ավելի քան 5 կգ է:
«Լանցետի» արդիականացված տարբերակն ունի մեկ մեծ X–աձև թև և X-աձև պոչային հատված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 231-րդ օրը։