ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024թ–ին։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ նոր կայարանի նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և առաջիկայում նաև շինարարական աշխատանքների իրականացման համար մրցույթ կանցկացվի։
ՏԿԵ նախարարի Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ նախագծող ընկերության հետ պայմանագրերն արդեն կնքված են։
«Երեք փուլից է բաղկացած։ Առաջին փուլում պետք է հաշվետվություն տան, երկրորդ փուլում պետք է ներկայացվի նախնական նախագիծ, երրորդ փուլում` վերջնական նախագիծ»,– ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` նախնական հաշվետվությունն արդեն ներկայացվել է, դրա համար նախատեսված 545 մլն դրամը հաշվետվության քննարկումից հետո Երևանի քաղաքապետարանը կվճարի նախագծող ընկերությանը։
Իսկ ամբողջ նախագծի արժեքը 1 մլրդ 845 մլն դրամ է։
Վարչապետը կարևորեց նաև Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքի ավելացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և Երևանի տրանսպորտային համակարգի համապատասխանեցումը մետրոյի աշխատանքին։
Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ու ՏԿԵ նախարարին հանձնարարեց աշխատել այդ ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը:
Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել: