Երևանի մետրոյի համար նոր օդորակիչներ կգնեն. հներն արդեն 40 տարվա հնության են

Երևանի մետրո
ՏԿԵ նախարարի խոսքով` նախագիծ է մշակվում մետրոպոլիտենի արդիականացման նպատակով շուրջ 1.5 մլրդ դրամի ծրագիր իրականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի թունելների 14 հզոր օդափոխիչները կփոխարինվեն նորերով։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այդ օդորակիչները 1980 թվականին են տեղադրվել ու դրանից հետո չեն փոխվել։ Հաշվի առնելով մետրոյի կարևոր ռազմավարական նշանակությունը` հիմա այդ գործընթացն ենք սկսել, որպեսզի փոխենք բոլոր կայարաններում, ինչն առաջին հերթին անվտանգության նպատակով է արվում։ Բայց նաև այս օդորակիչների տեղադրման նպատակն է խոնավության մակարդակի փոփոխությունը, որը բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավությամբ միջավայր չի ապահովվում»,– ասաց Սանոսյանը։
Հզոր օդորակիչները կառավարվելու են մեկ կետից, և արտակարգ, վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, վճռորոշ նշանակություն կունենան ուղևորների տարհանման համար։
Սեյսմիկ իմաստով առավել վտանգավոր 10 դպրոցների վերանորոգումն այս տարի կավարտվի
Նոր օդորակիչների գնման համար կառավարությունը 480 մլն դրամ կհատկացնի, ևս 19.4 մլն դրամ էլ կհատկացվի սլաքային փոխադրիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։
Սանոսյանը հայտնեց, որ այդ սարքերը պետք է փոխարինվեն 5 տարին մեկ։ Բայց Երևանի մետրոյում վերջին անգամ փոխվել են 9 տարի առաջ։
Բացի այս խոշոր գնումներից, ևս 150 մլն դրամ էլ կհատկացվի մետրոյի համար տարբեր գնումներ կատարելու համար` մալուխներ, վագոնների պահեստամասեր, լուսավորության ցանց և այլն։
ՏԿԵ նախարարը հայտնեց, որ այժմ նախագիծ է մշակվում մետրոպոլիտենի արդիականացման նպատակով շուրջ 1.5 մլրդ դրամի ծրագիր իրականացնելու համար։ Այն ևս, նրա խոսքով, առաջիկայում կներկայացվի հանրության ու կառավարության դատին։
Կառավարությունը մտադիր է տուգանել փողոցներում նվագող ու երգող մարդկանց