Երևանում նշել են Երևանի բերդի գրավման 195-ամյակը։ «Երևանում Ռուսական տան» կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ամրոցի ազատագրման գործում ծանրակշիռ ներդրում ունեցած գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ։
Մի քանի դար շարունակ Երևանի բերդաքաղաքին տիրանում էին կա'մ օսմանները, կա'մ պարսիկները։ Գրոհի պահին ամրոցի պաշտպանությունը գխավորում էր Հասան խանը, սակայն այդ տեղանքում բնակչության զգալի մասը հայեր էին։ Հասկանալով դա, Հասան խանը Պարսկաստան է աքսորում մի քանի հայ ընտանիքների, որոնք կարող էին օգնել ռուսներին։
Երևանի բերդի գրավման 195-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը
© Sputnik / Aram Nersesyan
Երբ ռուսական կայսերական բանակի զորքերը մոտեցան ամրոցին, այնտեղ արդեն խռովություն էր հասունանում։ Հայ բնակչությունը պահանջում էր բերդը հանձնել ռուսներին։ Թնդանոթները վստահված էին հայերին, որոնք միտումնավոր վրիպում էին ռուս զինվորների վրա կրակելիս և հենց ամրոցին էին նշան բռնում։ Ռուսական բանակը, գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ, ամրոցը գրավեց հարձակումից մի քանի օր անց` 1827 թվականի հոկտեմբերի13-ին։
Պասկևիչին Էրիվանի կոմսի տիտղոս և Սուրբ Գեորգիի շքանշան շնորհվեց։ Ինչպես ռուս, այնպես էլ հայ բազմաթիվ սպաներ արժանի պարգևներ ստացան։
«Քաջ ընկերնե՛ր, դուք շատ եք ջանացել հանուն ռուսական զենքի փառքի ու պատվի։ Ես ձեզ հետ եմ եղել օր ու գիշեր, վկա եմ եղել ձեր անխոնջ եռանդին, անսասան իմաստությանը։ Հաղթանակն ամենուր ուղեկցել է ձեզ։ Չորս օրում մենք վերցրինք Սարդարապատը, վեց օրում` Էրիվանը, այն հայտնի ամրոցը, որը Ասիայի անառիկ հենարանի համբավ ուներ»,-այսպես է Պասկևիչը ողջունել մարտական ընկերներին պարգևների հանձնման հրամանի տեքստում։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը միջոցառման ընթացքում նշեց, որ դրա անցկացման վայրը պատահական չի ընտրվել։ Հենց նույն բլրի վրա, որտեղ տեղադրված է կիսանդրին, գտնվում էր գեներալի դիտակետը, որտեղից էլ հետևում էին Երևանի բերդին։
Վադիմ Ֆեֆիլովը Երևանի բերդի գրավման 195-ամյակի միջոցառմանը
© Sputnik / Aram Nersesyan
«Էրիվանի գրավումը 1827 թվականին ռուսական կայսերական բանակի՝ բերդն ազատագրելու բազմամյա փորձերի արդյունքն էր, բերդում առավելապես հայեր էին ապրում։ Տարածքը գտնվում էր մե՛կ Օսմանյան կայսրության, մե՛կ պարսկական շահնշահության վերահսկողության ներքո։ Էրիվանի գրոհի ժամանակ գեներալ Պասկևիչն անձամբ էր զորքի գլուխ կանգնած։ Ոչ մի առանցքային մարտ առանց նրա մասնակցության չի անցել»,-նշեց Ֆեֆիլովը։
Նա հիշեցրեց, որ Երևանի ազատագրմանը մասնակցել է նաև գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Բերդի ազատագրումից հետո Պասկևիչն ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական և Նախիջևանի մարզերի ստեղծման և հայերին իրենց պատմական հողերում վերաբնակեցնելու գործին։
Ֆեֆիլովը հիշեցրեց, որ դա առաջին քայլն էր դեպի պետականության ձեռքբերում, որը հայերը չունեին արդեն մի քանի դար։
Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկն ընդգծեց, որ դա ընդհանուր պատմություն է, քանի որ Պասկևիչը, լինելով ռուս զորավար, որը կռվել է հայկական հողում, այժմ հանգչում է բելառուսական Գոմել քաղաքում:
«Այս ընդհանուր պատմության հիման վրա մենք նոր հարաբերություններ ենք կառուցում, պահպանում ենք այն լավագույնը, որը չպետք է մոռացվի կամ կասկածի ենթարկվի։ Այսօրվա միջոցառումը, ինչպես օգոստոսինը, որը նվիրված էր Օշականի ճակատամարտի 195-ամյակին, միասնության պատմական միասնության դասի հիշեցում է, որը մենք չպետք է մոռանանք մեր ապագան կառուցելիս»,-ասաց Տրոցյուկը։
Հայաստանի Վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանն իր հերթին նշեց, որ Պասկևիչը հայ ժողովրդի ամենամտերիմ բարեկամն էր: Երևանի բերդաքաղաքի գրավումը Ռուսական կայսրության կողմից հայկական տարածքները պարսկական լծից ազատագրելու բազմաթիվ փորձերի կուլմինացիան է եղել։ Այս պատմական իրադարձությունը նա ռուս-հայկական եղբայրության օրինակ համարեց, եղբայրություն, որը կոփվել է արյամբ, հավատով և արդարության համար պայքարով:
Միջոցառման ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Միհրան Մովսիսյանին, որը կիսանդրու տեղադրումից ի վեր խնամում, մաքրում է տարածքը և ծաղիկներ տնկում:
Վադիմ Ֆեֆիլովը Երևանի բերդի գրավման 195-ամյակի միջոցառմանը
© Sputnik / Aram Nersesyan